ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 7-ին Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քրդստանի ինքնավարության միջև կապերի զարգացման հարցեր։ Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին ողջունել է Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի որոշումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի համագործակցության ընդլայնմանը։ Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական փոխգործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։ Նախագահ Բարզանին և նախարար Նալբանդյանը համակարծիք էին, որ Էրբիլի և Երևանի միջև ուղիղ չվերթի մոտալուտ մեկնարկը նոր լիցք կհաղորդի գործարար կապերին։ Հանդիպման օրակարգում էին տարածաշրջանային զարգացումները, ծայրահեղականների դեմ միջազգային հանրության պայքարը։ Իրաքյան Քրդստանի առաջնորդը Հայաստանի արտգործնախարարին հանգամանալից ներկայացրել է ահաբեկիչների գործողությունների արդյունքում Իրաքի հյուսիսում ստեղծված իրավիճակը և ահաբեկչական խմբավորումների դեմ փեշմերգայի կողմից իրականացվող պայքարը։ Նախարար Նալբանդյանը կարևորել է Իրաքի հյուսիսում ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների անվտանգության ապահովումը, և վերահաստատել Հայաստանի համերաշխությունը ծայրահեղականների դեմ միջազգային հավաքական ջանքերին: